ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՆՔԻ ՄԱՍԻՆ


Հայկական լեռնաշխարհի գեղեցկուհի Գորիս քաղաքը՝ շրջակա 24 գյուղերով տեղակայված է Հայաստանի հարավ-արևելյան մասում, Սյունիքի մարզում: Գորիսը, որն այժմ ունի մոտ 25000 բնակչություն, հիմնադրվել է 1870 թվականին, որպես Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ 

Գորիսը բնակավայր է եղել դեռևս հնագույն ժամանակներից, քարեդարյան շրջանից։ 1980-ականների սկզբին պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերված բարձրարժեք բրոնզյա իրերի` կանացի զարդեղենի, դաշույնի, տեգի, հմայիլների և ամանեղենի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են մ.թ.ա. III-II դարերին, ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր մշակույթի և կենցաղի մասին։ 

Գորիսը գտնվում է ստրատեգիական կարևորության Երևան-Ստեփանակերտ մայրուղու վրա։ Երևան-Գորիս հեռավորությունը 254 կմ է։ Բրգաձև գագաթներով բարձրաբերձ ժայռերը, խոր ձորերը, կիրճերը, քարանձավները յուրօրինակ տեսք են հաղորդում Գորիսի ռելիեֆին։ Բնությունը գեղեցիկ է, օդը` մաքուր: Կլիման բարեխառն լեռնային է` մեղմ ձյունապատ ձմեռներով ու տաք ամառներով։ 

Գորիսը եղել և շարունակում է մնալ մեր հանրապետության ամենաբարեկարգ և ճարտարապետական ամբողջական կոլորիտ ունեցող գեղեցիկ բնակավայրը։
Գորիս այցելողներին զարմանք են պատճառում Զանգեզուրի բնության հրաշակերտ ստեղծագործությունները՝ քարաբուրգերն ու բարձրաբերձ ժայռերը: 


Որտեղ կարելի է այցելել
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս Գյուղը, որն իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք։ Յուրաքանչյուր տուն ունեցել է դուռ, լուսամուտ և երդիկ։ Դռների և լուսամուտների մի մասը գտնվում են գետնից չորս–հինգ մետր բարձրության վրա։ Մարդիկ նման բնակավայրեր մտնելու համար օգտվել են պարանից գործված սանդուղքներից։ 

Գորիս այցելող զբոսաշրջիկներն, ինչ խոսք, առաջին հերթին ձգտում են լինել Տաթևի վանքում։ 8-րդ դարի վերջերից Տաթևի վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ.՝ Ս. Գրիգոր եկեղեցին։ 1390-1435 թվականներին վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը։ Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ։ Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը։ Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է։ 17-րդ և 20-րդ դարի 20-ական թթ. սկզբներին վանքը եղել է ազատագրական կռիվների կարևորագույն հենակետ։ Ներկայումս վանքը հիմնականում վերականգնված է և Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է։

Գորիսից տասնհինգ կիլոմետր հյուսիս–արևելք, Խնձորեսկ գետի ձորում գտնվում է Խնձորեսկ գյուղը։ Հին Խնձորեսկն ամբողջությամբ կառուցված է «քարատակերից», ինչպես անվանում են տեղացիները։ Այն մնում է որպես նվիրական վայր, որովհետև գյուղի Անապատ կոչված տեղում է թաղված Դավիթ Բեկի զինակից, հետագայում նրան հաջորդած Մխիթար սպարապետը։ Վերջինիս գերեզմանը գտնվում է Խնձորեսկ գետի ձախ ափին, հին տաճարի պարիսպների մոտ։ 

Գորիսի շրջանի պատմական հուշարձաններից է նաև Հարանց անապատ կոչվող վանքը, որ գտնվում է Որոտանի աջ ափին՝ Հալիձոր գյուղի դիմաց տարածվող անտառապատ գեղեցիկ լանջի վրա։ Վանքի ընդարձակ ավերակներից երևում է, որ ժամանակին այն ունեցել է բազմանդամ միաբանություն և մեծ դեր է խաղացել իբրև կրթարան։ Վանքը գոյություն է ունեցել 11-12-րդ դարերում։

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրն առաջարկում է 40 հարմարավետ համարներ` ստանդարտ մեկտեղանոց և երկտեղանոց համարներ, կիսալյուքս և լյուքս համարներ, ընտանեկան սենյակ և VIP համար: 

Մենք առաջարկում ենք ծառայությունների և ժամանցի լայն հնարավորություններ, այդ թվում` սեմինարների և դասընթացների անցկացում մեր նիստերի դահլիճում, վարսահարդարում և եղունգների խնամք գեղեցկության սրահում, տարբեր սպորտային և վիդեո խաղեր խաղասրահում, ինչպես նաև համեղ ճաշելու, զովացուցներ կամ ոգելից խմիչք վայելելու հնարավորություն ռեստորանում կամ բարում

Մենք կազմակերպում ենք նաև շրջագայություններ Ձեր նախընտրած ուղղություններով։ Այդ նպատակով Ձեր տրամադրության տակ են մեր միկրոավտոբուսը, 6 տեղանոց մեքենաները և հմուտ վարորդները: 




Diana Hotel, Goris, Armenia.
Tel.: +374 284 2-01-07 E-mail:
© 2012 Diana IVV. All Rights Reserved.
Site by Design Technology.